ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հայաստանում կաճի քաղբանտարկյալների թիվը

Հայաստանում կաճի քաղբանտարկյալների թիվը
26.11.2013 | 14:21

Մամուլի ազգային ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում կարող է աճել քաղբանտարկյալների թիվը:

«Այն, ինչ կատարվում է Վարդան Պետրոսյանի հետ, ես գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում: Տեղի է ունեցել ահավոր դժբախտություն, եղել են զոհեր: Եվ խափանման միջոցը կալանքն ընտրելը խոսում է այս իշխանությունների որակի մասին: Դա բռնություն է: Ի՞նչն էր խանգարում, որ խափանման միջոցը լիներ քաղաքից չբացակայելը: Որևէ տրամաբանություն այստեղ չկա: Որևէ հիմք չկար կարծելու, որ Վարդան Պետրոսյանը պետք է թաքնվի քննությունից կամ խանգարի քննությանը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա բացահայտ քաղաքական հետապնդում որակեց նաև Շանթ Հարությունյանի և նրա կալանավորված ընկերների նկատմամբ իշխանությունների գործելաոճը: Նա ասաց, որ իշխանությունները կարող էին կանխել այդ գործողությունները, սակայն դա չեն արել: Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները քաղբանտարկյալներ են, քանի որ նրանք իրենց մեթոդներով պայքարել են Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթման դեմ: Դավիթ Շահնազարյանը քաղբանտարկյալ է համարում նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

«Շատ լավ ճանաչում եմ, բարձր որակներով օժտված սպա է, մատուցել է անուրանալի ծառայություններ ինչպես Արցախին, այնպես էլ՝ հայոց պետականությանը: Չգիտեմ, թե որն է մեղադրանքը, բայց երբ նման անձնավորությանը կալանավորում են, դա խոսում է միայն քաղաքական հետապնդման մասին: Այդ անձնավորությունը Հայաստանի պետականությանը մատուցել է միայն անուրանալի ծառայություններ: Եթե նա նման ծառայություններ մատուցած լիներ քրեաօլիգարխիկ համակարգին, ապա վստահ եմ, որ նա հիմա ազատության մեջ կգտնվեր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ որոշմանը, ապա Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ, եթե ներկայիս ԱԺ-ն կողմ քվեարկի Մաքսային միությանը միանալուն, ապա այն կարող է բողոքարկվել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այդ դեպքում, ըստ միջազգային իրավունքի նորմերի, Հայաստանը կհամարվի որպես ՌԴ-ի կողմից օկուպացված երկիր: Նա ասաց նաև, որ ՌԴ ղեկավարությունը պետք է հիշի, որ օկուպանտների դեմ պայքարում են բոլոր մեթոդներով, և՝ ոչ միայն քաղաքական:

Քաղաքական համակարգից սպասելիքներ չունեցող Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ միայն քաղաքացիական հասարակությունն է ի վիճակի կազմակերպել քաղաքացիական դիմադրություն:

«Այսօր ուկրաինական ժողովրդի մասին ասում են, որ նա հպարտ ժողովուրդ է, իսկ մեր մասին չեն ասում: Մեր ժողովրդի հպարտությունը նրանք չափում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՌԴ-ին ծառայող ուժերի հպարտությամբ: Ես կասկած չունեմ, որ մենք պահպանելու ենք մեր անկախությունը, և կազմաքանդվելու է Ռուսաստանի շահերին ծառայող այդ քաղաքական համակարգը»,- կարծում է Դավիթ Շահնազարյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ